Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով, իրավիճակը էքստրաօրդինար է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել, վաղը արդեն ուշ կարող է լինել: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությամբ անդրադարձ է կատարվում վարչապետ Փաշինյանի կոչին՝ դատարանների ելումուտը փակել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:
Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, Ոստիկանապետը:
Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:
Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը: