Պատմության մեջ առաջին անգամ թոփ-5 առաջնությունների չեմպիոնները պաշտպանել են տիտղոսները
Բունդեսլիգայի վերջին տուրում «Բավարիա»-ն հաղթեց «Այնտրախտ»-ին և դարձավ առաջնության չեմպիոն։ Ավելի վաղ հայտնի էին դարձել եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ի չեմպիոնները։
Ինչպես հայտնում է Armsport-ը` հղում անելով Opta վիճակագրական կայքին, պատմության մեջ առաջին անգամ եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոններին հաջողվել է պաշտպանել տիտղոսները։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթի»-ն, իսպանական Պրիմերայում՝ «Բարսելոնա»-ն, Իտալիայի Սերիա Ա-ում՝ «Յուվենտուս»-ը, ֆրանսիական Լիգա 1-ում՝ «Պարի Սեն Ժերմեն»-ը, Բունդեսլիգայում՝ «Բավարիա»-ն։ Այս թիմերը Չեմպիոնների լիգայի 2019-2020 թթ․ խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ լինելու են առաջին զամբյուղում։
Այս հնգյակից առավել շատ իր առաջնությունում հաղթել է «Յուվենտուս»-ը, որը 35 անգամ է դարձել Սերիա Ա-ի ոսկե մեդալակիր։ Թուրինցիներին հաջորդում է «Բավարիա»-ն՝ 29 տիտղոս։ Երրորդ տեղում «Բարսելոնա»-ն է (26)։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 8 անգամ, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճել է 6 անգամ։