Փաշինյանի մեղադրանքը, թե ԱԺ-ն լիազորությունների 10%-ն էլ չի կատարում, առաջին հերթին վերաբերում է իր սեփական թիմին. Գևորգ Պետրոսյան
ԱԺ վերջին քառօրյայի թեժ վեճերի, վարչապետի մեղադրանքներին ԱԺ-ի հասցեին, քաղաքացու օրվան հատկացվող 124 մլն դրամի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում օրակարգից շեղվելու, պատգամավորների ելույթների ժամանակ նրանց տեղից ընդհատելու, ռեպլիկներ անելու համար պատգամավորները քննադատությունների ենթարկվեցին: Դուք էլ էիք այն պատգամավորներից, որ տեղից մեկնաբանություններ էր անում մեկ այլ պատգամավորի ելույթի ժամանակ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Խորհրդարանն ունի համապատասխան կանոնակարգ սահամանադրական օրենք, ունի աշխատակարգ, բայց դա այն մարմինն է, որտեղ կարող են լինել տեղից արձագանքներ, պետք չէ զարմանալ դրա վրա: Իհարկե, չեմ խրախուսում, որ ամեն անգամ շեղվենք օրակարգից, և ամեն անգամ ամեն մարդ ինչ մտածում է, ասի, բայց կարող են լինել քննարկումներ: Դա չի վտանգավորը. կարևորն այն է, որ խորհրդարանն ընդունի ժողովրդի շահերը սպասարկող օրինագծեր, այլ ոչ թե թայֆաբազությամբ կամ նեղկուսակցական շահերից ելնելով արհեստական հակասություններ ստեղծեն:
Ի վերջո, ժողովուրդը մեզ դրա համար չի գործուղել խորհրդարան: Իհարկե, խորհրդարանում կան մարդիկ, ովքեր քանի որ չեն հասկանում իրենց այնտեղ գտնվելու առաքելությունը, բնական է, շեշտը դնում են այդպիսի ինտրիգներ հարուցելու վրա, բայց ԲՀԿ-ն խորհրդարանում չի հայտնվել ինտրիգների համար, հայտնվել է՝ կյանքի կոչելու իր նախընտրական ծրագրի համապատասխան դրույթները: Մենք ընդհանրապես կոչ ենք անում, որ բոլորը հիշեն խորհրդարանում հայտնվելու իրենց նպատակային նշանակությունը և իրենց մարդկային ռեսուրսներն ուղղեն ոչ թե այդ ինտրիգները հարուցելուն, արհեստական վիճաբանություններ ստեղծելուն, վիճաբանական մթնոլորտում գործընթացը վնասելուն, այլ իրական իրենց նպատակին ծառայելուն:
-Ի դեպ, պարո՛ն Պետրոսյան, ԱԺ-ում հերթական բանավեճից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հրավիրել էիք բանավեճի, եթե նա չի վախենա, սակայն Լենա Նազարյանը արձագանքել էր. «Սարսափահար հրաժարվում եմ»:
-Դե ես սարսափած կանանց ուրիշ ի՞նչ պետք է ասեմ, Աստված հասնի, օգնի իրենց:
-Նշեցիք, որ մարդիկ կան խորհրդարանում, որ չեն հասկանում իրենց առաքելությունը. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ԱԺ-ն իր լիազորությունների 10%-ը չի իրականացնում, բայց նոր լծակներ է ուզում վերահսկողության՝ նկատի ունենալով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու ընդդիմության առաջարկը: Վարչապետի այս նկատողությունը, փաստորեն, վերաբերում էր խորհրդարանական ընդդիմությանը, համաձա՞յն եք, որ ԱԺ-ն իր լիազորությունները չի կատարում:
-Նիկոլ Փաշինյանի այդպիսի մեղադրանքն ուղղված ԱԺ-ին առաջին հերթին վերաբերում է իր սեփական թիմին, որովհետև իր սեփական թիմը քանակական առումով այնքան է, որ առանց ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի էլ կարող է ցանկացած՝ այդ թվում նաև սահմանադրական օրենք, որի համար պահանջվում է պատգամավորների 3/5-ի մեծամասնություն, ցանկացած այլ օրենք, օրենսդրական նախաձեռնություն կյանքի կոչել: Հիմա, եթե նա ԱԺ աշխատանքից դժգոհում է, այդ դժգոհության թիվ մեկ հասցեատերը հենց իր ղեկավարած «Իմ քայլը» քաղաքական ուժն է:
-Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԺ-ն մինչև հիմա պետք է առնվազն 6 քննիչ հանձնաժողով ստեղծած լիներ, ձեր խմբակցությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրություն ունի՞:
-Մեր խմբակցության պատգամավորների քանակն այս գումարման ԱԺ-ում բավարար չէ ինքնուրույն քննիչ հանձնաժողով ձևավորելու համար, հետևաբար, եթե քննիչ հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն եղել է, այդպիսի նախաձեռնությամբ առաջին հերթին իրավունք ունեն հանդես գալ հենց «Իմ քայլը դաշինքի» պատգամավորները:
-Արդարացվա՞ծ եք համարում Քաղաքացու օրը տոնելու համար 124 մլն դրամի հատկացումը:
Այդքան գումար հատկացնելու նպատակահարմարությունը շատ վիճելի է: Այս սուղ պայմաններում, երբ ժողովուրդը, օրինակ, Երևանի քաղաքապետարանից ակնկալում է տարբեր տեսակի առաջին անհրաժեշտության միջոցառումներ, բայց երբեմն մերժվում է համապատասխան գումարների բացակայության պատճառով, այսօր հնարում են քաղաքացու տոն, դրա վրա ահռելի գումար են ծախսում, բայց հաստատ այդ գումարով կարելի էր մի քանի մանկապարտեզ, դպրոց, մեկ-երկու պոլիկլինիկա վերանորոգել, որոնք ավելի երկարաժամկետ էֆեկտ կարող էին տալ:
Այսօր մենք ունենք մանկապարտեզներ, որտեղ անմխիթար վիճակ է, դպրոցներ ունենք, որտեղ հատակը վնասված է, դպրոցներ ունենք մարզերում, որտեղ անգամ պետքարան չկա, այս պայմաններում վերցնել ու տոն հնարել, անունը դնել քաղաքացու տոն, ահռելի գումար զոհաբերել, կարծում եմ, որ նպատակահարմար չէ:
Եթե մենք մեր նվազագույն պահանջները կարողանայինք ապահոված լինել, նկատի ունեմ, որ եթե կարողանայինք հոգալ իմ ասած խնդիրները, իհարկե, ցանկալի կլիներ ավելի շատ ծախսել քաղաքացու տոնի համար, որպեսզի քաղաքացին իրեն հարազատ ու ամուր զգա իր հողի վրա, բայց այս պայմաններում գումարներ ծախսել նման տոնի համար, ես գտնում եմ, որ ուղղակի չհիմնավորված ծախս է:
Ամալյա Առաքելյան
