ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչև տարվա վերջ կներկայացնի գույքահարկի գանձման և հարկման վերաբերյալ ձևավորված մոտեցումները. Ջանջուղազյան
Գույքային հարկը գնահատվում է անհամարժեք և անհամաչափ: Հարկման ամենաբարդ խնդիրը հարկման բազայի ճշգրիտ որոշումն է, մնացածը՝ տեխնիկայի հարց է, այս ուղղությամբ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր զեկույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչև տարվա վերջ կավարտի աշխատանքները և կներկայացնի գույքահարկի գանձման և հարկման վերաբերյալ ձևավորված մոտեցումները, ինչը, Ջանջուղազյանի խոսքով, հնարավորություն կտա մյուս տարվա հունվարի 1-ից այն կիրառել:
«Այս փոփոխությունների առաջարկի կազմելիս մենք հիմնվել ենք միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունների վրա, տարատեսակ մոդելներ ենք փորձել կիրառել և դրանց արդյունքում փորձել ենք ստանալ այն լուծումները, որոնք ներկայացրել ենք: Ընդ որում՝ այստեղ ոչ միայն մոդելների վրա ենք հիմնվել, այլ նաև ինտուիցիայի, որ տպավորություն չստեղծվի, թե ճշգրտորեն հնարավոր է մաթեմատիկական մոդելավորմամբ հասնել էս ամեն ինչին: Դա գործնականում հնարավոր չէ»,-ասաց Ջանջուղազյանը:
