Մարտի 11-ը Եթովպիայում հայտարարվել է սգո օր
Եթովպիայի իշխանությունները մարտի 11-ը հայտարարել են սգո օր` ի հիշատակ բոլոր այն երկրների քաղաքացիների, որոնք զոհվել են Եթովպիայում Boeing 737 ինքնաթիռի կործանման հետևանքով: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին Twitter-ում գրառում է կատարել երկրի վարչապետ Աբիա Ահմեդը:
Արդեն հաստատվել է, որ «Ethiopian Airline» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում, որում 157 մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի ութ անդամ, գտնվել են նաև ՄԱԿ-ի մոտ 12 աշխատակից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ցավակցել է ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Հիշեցենք, որ կիրակի առավոտյան Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող «Ethiopian Airline» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որում եղել են 35 երկրի քաղաքացիներ: