ՌԴ քննչական կոմիտեն Baring Vostok-ի սկանդալային գործով մեղադրանք է առաջադրել հայ գործարարին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Վոստոչնի» բանկից 2.5 մլրդ ռուբլու յուրացման մասին գործով կասկածյալներին:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, բոլոր ձերբակալված անձանց, այդ թվում՝ հայազգի գործարար, «Բերինգ Վոստոկ» (Baring Vostok) ընկերության գործընկեր Վահան Աբգարյանին, մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով, որն է «Առանձնապես խոշոր չափի խարդախություն խմբի կազմում»:
«Բերինգ Վոստոկ» ներդրումային հիմնադրամի ղեկավար Մայքլ Կալվին, Վահան Աբգարյանը և գործով անցնող ևս 4 անձ ձերբակալվել են Մոսկվայում փետրվարի 15-ին: Փետրվարի 18-ին նրանք բողոքարկել են իրենց կալանավորումը:
Աբգարյանի ձերբակալության լուրի տարածման ֆոնին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հրապարակավ կարծիքներ են հայտնել վերջինիս մասին՝ նրան անվանելով համայնքի կյանքին ակտիվորեն մասնակցող համեստ գործարար:
Հաղորդվում է, որ Էլինա Ջանիբեկյանը՝ Արթուր Ջանիբեկյանի կինը, Instagram-ի իր էջում ՌԴ Քննչական կոմիտեին ուղղված խնդրագրի հղում է հրապարակել՝ խնդրելով ստուգել Վահան Աբգարյանի դեմ քրեական գործի հարուցման օրինականությունը և փոխել նրա նկատմամբ սահմանված խափանման միջոցը:
