Նազարբաևը հայտարարել է Ղազախստանի կառավարությունը լուծարելու մասին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է լուծարել երկրի կառավարությունը:
«Այսօր ես կարևոր որոշում եմ ընդունում մեր երկրի համար: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Կառավարության նոր ղեկավարությունը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ ուղղված կյանքի մակարդակի բարձրացմանը, տնտեսության խթանմանը, ռազմավարական առաջադրանքների իրականացմանը, - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է Նազարբաևի հայտարարության մեջ:
Նազարբաևի խոսքով՝ սոցիալ-տնտեսական վիճակը երկրում նախորդ տարիներին կայուն է եղել: «Դա, անկասկած, դրական պահ է, սակայն դա բավական չէ ներկայիս ժամանակների համար», - նշել է Նազարբաևը:
Վերջինիս խոսքով՝ բավականաչափ աշխատատեղեր չեն ստեղծվում, հատկապես գյուղում: Փոքր և միջին բիզնեսն այդպես էլ չի դարձել աճի խթանիչ ուժ, իսկ դրա զարգացումը չի դարձել նախարարների հիմնական խնդիրը:
