Թրամփը կոչ է արել դիմակայել «արմատական սոցիալիստներին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին 2020թ. երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ դիմակայել «արմատական սոցիալիստներին», գրում է РИА Новости-ն:
Նախագահի նման ուղերձի պատճառ է դարձել սենատոր Բեռնի Սանդերսի՝ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կրկին առաջադրելու մտադրության մասին հայտարարությունը:
«Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ նորից կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ շատ պարզունակ հարթակով՝ սոցիալիզմ՝ ամբողջ ծավալով: Ես, անկեղծ ասած, սկզբում կարծեցի, թե կատակ է, սակայն ավելի ուշ նրա շտաբից տեղեկացրին, որ առաջին 24 ժամվա ընթացքում նրանք 6 մլն դոլար են հավաքել»,- ասվում է Թրամփի ուղերձում:
Նախագահը զգուշացրել է արմատական սոցիալ-դեմոկրատների նոր ալիքի մասին՝ ընդգծելով, որ, չնայած ամենին, ԱՄՆ-ն երբեք սոցիալիստական երկիր չի դառնա:
«Ամերիկան աշխարհի ամենահզոր երկիրն է շնորհիվ ազատության, այլ ոչ իշխանության գերակայության»,- հավելել է Թրամփը:
Վերմոնտ նահանգից սենատոր Սանդերսը 2007թ.-ից աշխատում է Կոնգրեսի վերին պալատում: Փաստացի նա անկախ սենատոր է համարվում, սակայն աջակցում է դեմոկրատների նախաձեռնություններին:
Նախագահի նոր թեկնածուի շտաբից հայտնել են, որ վերջինս 24 ժամվա ընթացքում ավելի քան 225 հազար մարդուց 6 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել, ընդ որում՝ շտաբում ընդգծել են, որ նվիրատվություններն արվել են ոչ թե խոշոր բիզնեսների, այլ հասարակ ամերիկացիների կողմից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թրամփը թվիթերյան իր էջում Սանդերսին «խենթ» էր անվանել՝ նրան մրցապայքարում «ամենայն բարիք» մաղթելով:
Վերմոնտ նահանգից 77-ամյա սենատորը 2016թ.-ի նախագահական ընտրություններում պայքարել էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար:
ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդը՝ Հավայի նահանգից, Նյու Ջերսի նահանգից սենատոր Քորի Բուքերը, Նյու Յորք նահանգից սենատոր Քրիստեն Ջիլլիբրանդը, Մինեսոտա նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը, այլք:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020թ. նոյեմբերի 3-ին:
