Տպավորություն է՝ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար շահագրգռված էր Ֆիննախը․ ՀԸ տնօրեն (տեսանյութ)
Կարելի է ենթադրել, որ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար ավելի շահագրգռված էր Ֆինանսների նախարարությունը՝ ծախսերի կրճատման առումով։ Անդրադառնալով «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության լուծարման որոշմանը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը։
Նրա խոսքով՝ Ֆինանսների և Տրանսպորտի նախարարությունները, ՀՌԱՀ-ը վարչապետին ճիշտ չեն զեկուցել խնդիրը․ «Ես այնքան էլ չեմ մեղադրում գործադիրին, քանի որ խնդիրը նրան ճիշտ չզեկուցելու մեջ է։ Եթե հիշում եք, վարչապետն իր խոսքում ասաց, որ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը համարվում է Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղ։ Իրականում այդպես չէ։ «Շիրակ»-ի հանրայինը մասնաճյուղ չէ, առանձին միավոր է, որը ՀՌԱՀ-ի կազմի մեջ է գործել»։
Ա․ Ղանդիլյանը նշում է՝ հեռուստառադիոընկերության լուծարման որոշման մասին իմացել է պատահաբար՝ սեպտեմբերին տեղի ունեցած «Հանրային հեռուստաընկերությունը՝ հեղափոխությունից հետո» քննարկման ժամանակ․ «Այդ ժամանակ իմացա, որ 2019 թ․ բյուջեով նախատեսված չէ «Շիրակ» հանրային հեռուստաընկերության բյուջեն։ 2018-ին ֆինանսական մեր փաթեթը ներկայացրել էինք, որը հավանության արժանացել էր, սակայն այն չի հաստատվել։ Հետագայում եղել են քննարկումներ։ Կար հեռուստաընկերության գործունեությունը շարունակելու, այն հիմնադրամի վերածելու, մասնավորեցնելու տարբերակները, սակայն, ի վերջո, որոշում կայացվեց այն լուծարել»։
Արթուր Ղանդիլյանի խոսքով՝ այս պահին ինքը հանդիպումներ է ունենում տարբեր ներդրողների հետ՝ մասնավորեցման խնդիրը քննարկելու համար․ «Եթե մասնավորեցվում է հեռուստաընկերությունը, այն, որպես այդպիսին, դադարեցնում է իր գործունեությունը։ Սա նշանակում է, որ ոչ թե հեռուստաընկերությունն է մասնավորեցվում, այլ գույքը։ Ես ինքս չեմ կարողացել ներդրողներին ներկայացնել այնպիսի բիզնես ծրագիր, որ նրանք կարողանան հետագայում հետ բերել իրենց գումարները։ Կառավարությունը պետք է այնպիսի պայմաններ ներկայացնի ներդրողին, որ այն կարողանան աշխատացնել։ Մենք այնպիսի փակ շրջանում ենք, որ իրենք հեռուստաընկերությունը չեն կարողանա աշխատացնել։ Այդ դեպքում գնելու իմա՞ստը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Բոյաջյան