Sms-քվեարկությունը կախված է մարզիկի հնարավորություններից և շրջապատից. Ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ
Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելուց առաջ ArmSport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է քվեարկության, անցնող տարում իրենց հաջողությունների և հետագա ծրագրերի մասին.
«Հաջող տարի էր մեզ համար: Ունեցանք մեր լավագույն արդյունքն անկախ Հայաստանի պատմության մեջ` դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Քվեարկության նոր կարգը բավականին հետաքրքիր է, երբ մարզիչները ևս մասնակցելու իրավունք ունեն, բայց ավելի լավ կլիներ, որ հանրության քվեարկությունը չլիներ:
Հանրության քվեարկությունը կախված է տվյալ մարզիկի հնարավորություններրից: Որքան մեծ են այդ մարզիկի հնարավորությունները, այնքան ավելի շատ ձայն կստանա: Ով ֆինանսական մեծ ռեսուրսներ ու մեծ շրջապատ ունի, նրա հավակնություններն ավելի մեծ են sms-քվեարկությունում:
Այդ իսկ պատճառով, ես հակված եմ, որ 50/50 լինի` մասնագետների և լրագրողների կարծիքները համատեղելով»,- ասաց պարոն Չանդիրյանը և խոսեց նաև հաջորդ տարի իրենց ունեցած ծրագրերի մասին.
«Հաջորդ տարի մենք ունենք Եվրոպայի, աշխարհի և ուսանողական առաջնություններ: Այդ երեք մրցումները մեր ամենակարևորն մրցումներն են լինելու 2019 թվականի ընթացքում, որոնց պետք է ըստ արժանվույն նախապատրաստվենք»,- իր խոսքում նշեց Հրաչյա Չանդիրյանը:
