Toyota-ն նոր մեքենա է նվիրել հիվանդանոցում գտնվող հիվանդներին հրդեհի ժամանակ փրկած բուժաշխատողին
Ամերիկացի բուժաշխատող Էլին Փիրսի պատմությունը, որն իր սեփական մեքենայով անտառային հրդեհների հետևանքով կործանված Փերըդայզ քաղաքի հիվանդանոցից դուրս էր բերել այնտեղ մնացած հիվանդներին, շարունակություն է ստացել:
Ինչպես գրում է Motor.ru-ն, Toyota ընկերության ամերիկյան գրասենյակը խոստացել էր ցուցաբերած խիզախության համար նոր մեքենա նվիրել Փիրսին և կատարել է իր խոստումը՝ նրան հանձնելով «Տունդրա» մակնիշի մեքենան:
Երկու մեքենայի լուսանկարներն ամերիկացին հրապարակել է սոցցանցում՝ նշելով, որ հնարավորություն է ստացել անձամբ շփվելու Toyota USA-ի անձնակազմի հետ:
Լրագրողների տվյալներով՝ հրդեհի ժամանակ, որը գրեթե ամբողջությամբ կործանել է «դրախտային» քաղաքը, Փիրսն իր մեքենայով տեղափոխել է հիվանդներին, ինչպես նաև որոշ սարքավորումներ և դեղեր:
Կատարվածից հետո Փիրսը համացանցում հրապարակել էր կիսով չափ այրված ու վնասված մեքենայի լուսանկարը: Toyota-ի ամերիկյան գրասենյակը մեկնաբանությամբ շնորհակալություն էր հայտնել ամերիկացուն և խոստացել նոր պիկապ նվիրել:
