Սոցիալական ապահովության ծառայությունը կենսաթոշակառուներին չի զանգահարել ու հրավիրել օգնելու համար գալ նախարարություն. պարզաբանում
Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք՝ որոշակի օգնություն ստանալու համար:
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունից: Ըստ ծառայության հաղորդագրության՝ վերոնշյալ երիտասարդը, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է. «Գնացեք Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական»:
«Կենսաթոշակառուները, այցելելով Ծառայություն, պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:
Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:
Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն, անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:
Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
