Արդար կլինի «Ոսկե գնդակը» ֆրանսիացի ֆուտբոլիստի հանձնելը. Չավի
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ստանա աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականի կազմից որևէ ֆուտբոլիստ.
«Լուկա Մոդրիչը հիանալի ֆուտբոլիստ է: Նա 3 անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակչին:
Մոդրիչն արժանի է «Ոսկե գնդակի», սակայն ամենաարդար որոշումը կլինի մրցանակը ֆրանսիացի ֆուտբոլիստի հանձնելը: 2010 թվականին բոլորը դժգոհում էին, քանի որ «Ոսկե գնդակն» իսպանացի չստացավ: Այժմ պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ աշխարհի առաջնությունն ամենակարևոր մրցաշարն է»,- Չավիի խոսքը մեջբերել է Marca-ն:
Հիշեցնենք, որ մրցանակակրի անունը հայտնի է դառնալու դեկտեմբերի 3-ին:
