Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն. Նիկոլ Փաշինյան
Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք նորություն կա ՀԱՊԿ-ում տեղի ունեցող գործընթացներից՝ գլխավոր քարտուղարի հարցի հետ կապված, և արդյոք Բելառուսի հետ «կրքերը» հանդարտվել են:
«Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է և սրանից հետո լինելու է ուժի մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն է նկատվում Հայաստան-Բելառուս հարաբերություններում՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի պահվածքին, ասել էր, որ ինքը զարմացած է, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Դրան ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:
