ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես. Նիկոլ Փաշինյան
ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես: Այսպես լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ահազանգում է, որ ուղղորդումներ են եղել ՔՊ-ի կողմից, իրենց համակիրներին խորհուրդ են տալիս հեռու մնալ ՀՀԿ շտաբերից:
Անդրադառնալով հարցին, թե պատրաստ են արդյոք ապահովել ՀՀԿ անվտանգությունը, Փաշինյանն ասաց, որ բոլորի անվտանգությունը ՀՀ–ում ապահովված է:
Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ապահովվելու են, քանի որ մյուս ուժերի կողմից ևս այդ ուղղությամբ մտահոգություններ են հնչում, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Դե արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել ու քարոզչություն անել, կան ուժեր, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ականներին փողոցներում կանգնեցնե՞նք»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կա քաղաքական ուժ, որը կառավարությունում ներկայցված է և որը կարող է լծակներ կիրառել՝ խախտելով հավասար մրցակցությունը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու»։
Նա անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքին, իր վարկանիշին մարզերում՝ ասելով, որ պոզիտիվ շարժ է տեսնում:
