Նախաորակավորում է իրականացվել, խիստ պայմաններ են դրված, ընկերության վերջնական ընտրությունը դեռևս արված չէ. Էրիկ Գրիգորյանը` «Ամուլսարի» մասին
Այսօր բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Որոտան-Արփա-Սևան» հանգույցին, ասաց, որ «Որոտան-Արփան» երբևիցե չի օգտագործվել:
«Այն ջրերը, որ թափվում են այդ բետոնե թունելում, տարեկան մոտ 5 միլիոն խորանարդ մետր ջուր է կազմում, որը որ լցվում է ջրամբարը: Ինչ վերաբերում է «Արփա-Սևան»-ին, ապա տարեկան մոտ 100 միլիոն խմ-ի շրջանակում այս տարիներին ևս մուտք է եղել Սևանա լիճ, սակայն, շինարարական ծրագրերի համաձայն՝ 2019 թվ. ապրիլին ամբողջովին պետք է ավարտվեն վերանորոգման աշխատանքները, որից հետո տարեկան մոտ 250 միլիոն խմ ջուր հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ»,-ասաց նա և նշեց, որ պետք է ուսումնասիրել Որոտանից ջրի տեղափոխման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Նա ասաց, որ երբևէ չի դիտարկվել Որոտանից ջուր տեղափոխելու հարցը վերջին 15 տարիների ընթացքում:
Էրիկ Գրիգորյանը, խոսելով նախարարության ծրագրերից, ասաց, որ այսուհետ փոխհատուցման փոխարեն լինելու է կանխարգելումը: «Մեծ ուշադրություն է դարձվելու հատուկ պահպանվող տարածքներին: Աշխատավարձերը միջինը 40 տոկոսով, որոշ տեղերում մինչև 100 տոկոս բարձրացվել են»,-ասաց նա:
Նախարարի ԺՊ-ն նշեց, որ օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման պայմանները, արձանագրվել է 259 խախտում:
Անդրադառնալով «Ամուլսարի» հանքի շահագործմանը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մանրակրկիտ աշխատանքներ են կատարվել: «Ներկայումս մրցութային գործընթաց է ընթանում և միջազգային կազմակերպությունը եզրահանգումների արդյունքների հիման վրա ՀՀ-ն ավելի շատ տեղեկություն կունենա «Ամուլսարի» ազդեցությունների վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ նախաորակավորում է իրականցվել, խիստ պայմաններ են դրված, կան հայտեր, ընկերության վերջնական ընտրությունը դեռևս արված չէ և ներառելու են ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, օդի վրա դրա ազդեցությունը:
Հանդիպմանը ներկա բնապահպաններից մեկը խնդրեց անդրադառնալ Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու հարցին: «Ըստ էության, ոչինչ չունենք: Մեզ մոտ չի եկել որևէ նախագիծ: Եթե ենթադրենք, որ լինելու է զբոսայգի, դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթաց է, և չի կարող սկսվել առանց փորձաքննական գործունեությունն անցնելու: Չգիտեմ՝ նախաձեռնողները տեղյա՞կ են, թե ոչ»,-արձագանքեց նախարարի պաշտոնակատարը:
