Ամերիկացի ամուսինները տան մաքրության ժամանակ պատահմամբ $1,8 մլն շահումով տոմս են հայտնաբերել
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ապրող Հարոլդ և Թինա Էրենբերգ ամուսինները Գոհաբանության օրվան ընդառաջ տան մաքրության ժամանակ պատահմամբ հայտնաբերել են դեռ հունիսին գնած, սակայն մոռացված վիճակախաղի տոմս, որը, ինչպես պարզվել է, խոշոր շահում է «պարունակել»:
Ինչպես հայտնում է foxnews.com-ը, ամուսինները մուտք են գործել վիճակախաղի կայք՝ փորձելով ստուգել, թե արդյոք որևէ բան չեն շահել: Տեսնելով համընկնող թվերը՝ նրանք նախ դժվարացել են հավատալ իրենց աչքին: Տոմսը ոչ միայն շահող է եղել, այլև ամուսիններին 1,8 մլն դոլար է բերել:
«Սկզբում մտածեցի, որ շփոթել ենք թվերը կամ տոմսի պիտանելիության ժամկետը»,-վերհիշել է ամուսինը:
Սակայն շուտով երջանիկ զույգը շտապել է գրասենյակ, որտեղ պարզվել է, որ նրանք եկել են ճիշտ ժամանակին. երկու շաբաթ անց տոմսի պիտանելիության ժամկետը սպառված կլիներ, և Էրենբերգ ընտանիքը կմնար առանց շահած գումարի: Ճիշտ է՝ այս դեպքում էլ նրանց տրամադրել են գումարի մի մասը՝ գանձելով հարկերը:
