Հունվարի 1-ից հացահատիկը կշարունակվի տեղափոխվել Հայաստան այնպես, ինչպես նախկինում, լուծումներ կգտնենք. նախարարի պաշտոնակատար
Լուծումներ կգտնվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին, որ հայկական կողմը հացահատիկի բեռներ չի կարող ստանալ ոչ ծովային, ոչ ցամաքային ճանապարհով:
Ըստ նրա՝ հունվարի 1-ից հացահատիկը կշարունակվի տեղափոխվել Հայաստան այնպես, ինչպես նախկինում: «Միշտ առաջանում են խնդիրներ, մարտահրավերներ են, որոնք լուծումները կգտնեն: Բեռները անպայման կգան»,- նշեց Տ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ սա կարևոր հարց է:
Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ցավոք կա ապրանքաշրջանառության ցածր մակարդակ: «Մենք միշտ համարում ենք, որ կա պոտենցիալ, որն այնպես չի օգտագործված, որ պատժամիջոցները մեծ տնտեսական ազդեցություն թողնեն: Այդ ծավալներն այնքան մեծ չեն, որ զգալի ազդեցություն ունենան ընդհանուր վիճակի վրա»:
