MMA-ի մարզիկ Գեորգի Կարախանյանը հեռացվել է ACB-ից
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող MMA-ի հայազգի մարզիկ Գեորգի Կարախանյանը հեռացվել է ռուսական Absolute Championship Berkut (ACB) կազմակերպությունից: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:
Կազմակերպությունը ACB 90 մրցաշարի վերաբերյալ ժողով է կազմակերպել, որի ժամանակ քննարկվել է մրցաշարի մասնակիցներից Գեորգի Կարախանյանի, Տիմուր Նագիբինի և Մուխումատ Վախաևի կարգապահական և էթիկական պահվածքը:
«Մենամարտից առաջ և հետո ոչ սպորտային պահվածքի, սիմուլյացիայի, մրցավարին մոլորության մեջ գցելու փորձի և դրա արդյունքում ռինգում առաջացած կոնֆլիկտային իրավիճակի համար Կարախանյանը որակազրկվել է, իսկ ACB 90-ում մենամարտը չեղյալ հայտարարվել երկու մասնակիցների որակազրկման պատճառով:
Հիմք ընդունելով 5g կետը՝ կազմակերպության և մարզիկի միջև պայմանագիրը խզվում է, և մարզիկը հեռացվում է ACB-ից»,- ասվում է կառույցի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կարախանյանի մրցակից Նագիբինը որակազրկվել է, իսկ Մուխումատ Վախաևը ընդհանուր հոնորարի 20%-ի չափով տուգանք կվճարի մարտի ժամանակ մրցակցի նկատմամբ ցուցաբերած ոչ սպորտային պահվածքի պատճառով:
Կարախանյան-Նագիբին մենամարտը կայացել է նոյեմբերի 10-ին, Մոսկվայում: Եզրափակիչ ռաունդից հետո Նագիբինը հարվածել է Կարախանյանին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել ինչպես օկտագոնում, այնպես էլ հանդիսասրահում:
