«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են որպես վկաներ. «РИА Новости»
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործի շրջանակում, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
Հայտնի է, որ օդաչուները գործում ներգրավված են վկաների կարգավիճակով:
«Ներկա պահին օդանավի անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվում են որպես վկաներ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ մահացածը 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:
Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի Ա.Գ. Եփրեմյանն է:
