Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ մենք մերկ ենք. Վահագն Խաչատրյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ անգամ է ասել, որ իրոք գործարար-պետություն հարաբերությունը պետք է լինի գործընկերային, միայն այդպես, այլ կերպ չի կարող լինել, իսկ նախկինում այդպես չի եղել։ Այս մասին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ գիտաժողովին ինքն առաջին անգամ է՝ դա պայմանավորելով երկրում իրավիճակի փոփոխությամբ։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ մենք մերկ ենք։ Այդ գումարները չեն ծառայել նպատակին, այդ թվում՝ ձեզնից գրպանված գումարները։ Այդտեղ էր, որ ժողովուրդը ընդվզեց, Ալիևն էլ էր այդ հանգամանքը հաշվի առել, բայց ՀՀ արժանապատիվ քաղաքացին իր արժանապատվությունը գնահատեց և հաղթեց։ Ինչո՞ւ եմ ես սրան հատկապես ուշադրություն դարձնում․ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, ես անձամբ գնահատում եմ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, բոլոր այլ ձևակերպումները շահարկումներ են։ Տեղի է ունեցել հեղափոխություն, որը շարունակվում է։ Այն, ինչ որ տեղի ունեցավ համաձայնության խախտման հետևանք է, որովհետև մենք լռելյայն համաձայնվել էինք, որ իշխանությունը արժանապատվությունից մեզ զրկելով՝ իշխանության է եկել, բայց 2018-ին գնալու է, բայց չգնաց։ Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ ազատությունը վերադարձվեց մեզ։ Ես հիմա շատ ազատ մարդ եմ, և հիմա դուք՝ գործարարներդ, այդ ազատությունը պետք է զգաք»,-իր խոսքում նշեց տնտեսագետը։
Նշենք, որ այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գիտաժողովին ներկա է նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվեց ելույթ ունենալուց, նշելով, որ ընթացքում կխոսի:
