Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից. Մխիթար Հայրապետյան
Հայրենադարձության մասին մեր պատկերացումները տեղափոխվում են ինստիտուցիոնալ դաշտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Երբ մենք խոսում ենք հայրենադարձության մասին խոսքը այդ մասին օրենքի նախագիծն է, դրանից բխող օրենքները, ռազմավարության մշակումն է, որը չունենք, բայց աշխատանքներ իրականացնում ենք: Դեկտեմբերի 2-րդ կեսին մի քանի նախարարությունների հետ այս թեմայով նախատեսում ենք քննարկումներ: 7 ամսում հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք: Սա այն մարդիկ են, ովքեր եկել են ու կապ են հաստատել Սփյուռքի նախարարության հետ»,- ասաց նա:
Ըստ Մ. Հայրապետյանի՝ ամենից շատ Հայաստան են վերադարձել Ռուսաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից:
«Սիրիահայերի հետ կապված մենք ունեցել ենք մեծ մանդատ գործելու՝ սիրիահայերի իրավունքները պաշտպանելու, նրանց ինտեգրման համար ծրագրեր իրականացնելու հարցում: Կատարել ենք մեծ աշխատանքներ: Մեզ 2018թ.-ի ընթացում մեզ դիմել է 930 սիրիահայ: Նրանցից 639-ը՝ բժշկական սպասարկման համար, 124-ը՝ բնակվարձի աջակցության, 51-ը՝ իրավական, 38-ը՝ կրթական, 52-ը՝ աշխատանքի տեղավորման հարցով»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:
