Սիդնեյի օդանավակայանում ուժգին քամու պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել, երեք թռիչքուղիներից երկուսը փակվել են
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ուժգին քամու պատճառով հետաձգվել են բազմաթիվ միջազգային ու ներքին չվերթներ: Սիդնեյի Քինգսֆորդ Սմիթի անվան օդանավակայանում փակվել են գործող երեք թռիչքուղիներից երկուսը, հայտնում է ABC հեռուստաընկերությունը:
Օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ միջազգային ու ներքին չվերթներն իրականացվում են զգալի ուշացումներով՝ հուժկու քամու պատճառով, օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տալիս ուղևորներներին կապի մեջ մնալ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:
Միևնույն ժամանակ, հետաձգված չվերթների պատճառով Սիդնեյի օդանավակայանում նկատվում են հազարավոր մարդկանց կուտակումներ:
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն զգուշացրել է Սիդնեյի ամբողջ ափի երկայնքով փոթորկի վտանգի մասին: Սպասվում է, որ քամին է՛լ ավելի կուժգնանա:
