«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի:
Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որևէ բան չի արվի:
Թե որքանով են Ղարագյոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ԱԺ նախկին պատգամավորն այլևս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ այս պատմությունը լսելով՝ հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել՝ չհավատալով ներկայացվածին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
