Սաուդյան Արաբիայի գահաժառանգը Խաշոգջիի սպանության սկանդալից հետո առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության շուրջ սկանդալից հետո առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, արքայազնը կայցելի Միացյալ Արաբական Էմիրություններ, Բահրեյն, Եգիպտոս, իսկ այնուհետև կուղևորվի Արգենտինա՝ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Նախօրեին թուրքական մամուլում տարածվել է տեղեկություն, ըստ որի՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներն ունեն հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որում Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում է սպանել լրագրող Ջամալ Խաշոգջիին:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:
Ավելի ուշ սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն նրանք հերքել են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:
