Գերմանացի տղան զրկվել է վարորդական իրավունքից այն ստանալուց 49 րոպե հետո
Գերմանիայում դեռահասը վարորդական վկայականից զրկվելու արագությամբ ամենայն հավանականությամբ, համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ոստիկանությունը նրանից վկայականը վերցրել է ստանալուց 49 րոպե հետո:
Ոստիկանությունից հաղորդել են, որ տղան վարորդական վկայականը ստանալուց հետո որոշել էր ընկերուհուն և երեք ընկերներին իր մեքենայով զբոսանքի տանել: Քիչ անց ճանապարհային ոստիկաններն արձանագրել են ժամում 45 կմ արագության գերազանցում և կանգնեցրել կարգազանց վարորդի ավտոմեքենան: Իրավապահները դեռահասին տուգանել են 200 եվրո և զրկել մեքենա վարելու իրավունքից:
