Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն այլևս ՀՀ-ի «царь и бог»-ն է և «ալֆա-օմեգան». Արմեն Աշոտյան
Փաշինյանին թվում է, թե նա այլևս ՀՀ-ի «царь и бог»-ն է և «ալֆա-օմեգան». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, ում կարծիքով երեկ ասուլիսին Նիկոլ Փաշինյանը չափից ավելի ջղային ու նյարդային էր:
«Երևի սոցիալ-տնտեսական բեռն է գիտակցել, երևի զեկուցել են, որ մեր ժամանակ 22 մլրդ ավել հավաքագրված պետբյուջեն, ինչքան ես գիտեմ, սեպտեմբերի պլանը թերակատարվել է 1 մլրդ դրամով, երևի թե զգում է, որ եթե դեկտեմբերի 9-ից հետո, եթե ստանա 80 տոկոս, չի կարող դիմանալ արտաքին ճնշումներին, որովհետև չի ունենա ընդդիմություն, որ կարող է փրկել ՀՀ-ի հեղինակությունը և Արցախը»,-ասաց նա:
Իսկ թե նրանք լավ ժառանգություն են թողել, պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այս 7 ամիսների ընթացքում իր ոչ պրոֆեսիոնալ սիրողական թիմով մսխում է մեր այդ քաղաքական կապիտալը և դեռ մսխելու բան ունի, այդպիսի ժառանգություն ենք թողել»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ այս իշխանությունը մի քանի «մազոլ» ունի. «Հենց հասարակությունն այդ «մազոլների» վրա ոտքը դնում է, սկսում են մի քիչ ոչ ադեկվատ ռեակցիաներ տալ»,- հավելեց նա: Պատգամավորը շարունակեց՝ բացատրելով, թե ինչ է նշանակում, որ երեկ ՀՀԿ-ականներին Փաշինյանը հաթաթա է տալիս ու ասում «դեռ դուք ձեր հալը կտեսնեք»: «Ես իմ բառապաշարը փոխել եմ ու դարձրել իրան համարժեք, ու դա վատ է»,-ասաց նա:
Ի դեպ, Աշոտյանը նաև անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ով ՀՀԿ-ականներին քննադատել էր կաթողիկոսի համար հատուկ պահպանություն պահանջելու նախագծի շրջանակներում, ինչպես նաև հարցադրում էր արել, թե ինչո՞ւ են հենց հիմա ՀՀԿ-ականները որոշել պայքարել իրենց ասած աղանդների ու համասեռամոլների դեմ:
Փաշինյանը հիշեցրել էր, որ 2000-ականների սկզբին հրապարակվել էր նույնասեռականների ցուցակ, որում նաև ՀՀԿ-ական գործիչներ կային: Աշոտյանն ասաց, որ մեկ զամբյուղի մեջ այդ հարցերը դնել չի կարելի: Վեհափառի նկատմամբ հատուկ պահպանության կարիք նախկինում չկար, քանի որ, ըստ նրա, այդ պաշտպանությունը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակ: «Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, զրկեց վեհափառին այդ պաշտպանությունից»,- ասաց նա:
