2018թ-ին ՀՀ-ն ունեցել է 68 մլրդ դրամ մուտքեր. համաձայնագրով առաջարկում են ԵԱՏՄ-ում ՀՀ-ի համար կիրառվող դրույքաչափերի կիրառման ժամկետը երկարացնել
ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին համաձյնագիրը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ արձանագրությամբ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ՀՀ համար կիրառվող ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման 1,220 %-ի չափով նորմատիվի կիրառման ժամկետը կերկարի մինչև 2019 թ-ի դեկտեմբերի 31-ը:
Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների կողմից 2017թ. ապրիլի 11-ին քաղաք Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվը 1,11 %-ի փոխարեն սահմանել 1,220 %:
«Համաձայնագրի ընդունումը ենթադրում է, որ մեզ համար լրացուցիչ բաժին ընկնող մասնաբաժինը շարունակվելու է կիրառվել մինչև 2019 թ-ի ավարտը»,-ասաց նա:
Ի դեպ, փոխնախարարը նշեց, որ սահմանված դրույքաչափերով՝ Բելառուսը ստանում է 4, 560%, Ղազախստանը 7, 550%, Ղրղզստան՝ 1, 90, ՌԴ՝ 85, 265%:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե այս դրույքաչափերի առումով ՀՀ-ն ինչ շահ ունի:
Փոխնախարարը պատասխանեց, որ մեկ տոկոսային կետը համարժեք է տարեկան 116 մլն դոլարին, իսկ անցյալ տարի ՀՀ-ն ունեցել է 68 մլրդ դրամ մուտքեր: «Իսկ անդամակցությունից սկսած՝ միասնական բյուջեից ՀՀ բյուջե հաշվեգրվող մասը գերազանցել է մեր կողմից հավաքագրված և անդամ պետություններին բախշված մաքսատուրքերի մեծությունը, այսինքն՝ այս առումով ունենք դրական արդյունք բյուջեի համար»,-ասաց նա:
Իսկ թե ի՞նչ է սպասվում ժամկետի ավարտից հետո, նա ասաց, որ երկու մոտեցում է քննարկվում. առաջինն այն է, որ անժամկետ ֆիքսել գործող մասնաբաժինները պայմանագրերում, ինչը նպաստավոր կլինի ՀՀ-ի համար: «Որովհետև հաշվարկվող մեզ հասանելի մասնաբաժինն ավելի ցածր կստացվի, քան 1,220%-ը»,-ասաց նա:
Երկրորդ տարբերակով, ըստ նրա՝ կհաստատվի նոր մեթոդաբանություն, որի հիման վրա միջկառավարական խորհուրդը կընտրի ցուցիչները և յուրքանչյուր երեք տարին մեկ նորմատիվները վերանայման կենթարկվեն: Ըստ նրա սա մեզ համար նախընտրելի չէ:
