«Դիսնեյ»-ի խորհրդանիշ Միկի մկնիկը նշում է 90-ամյակը (լուսանկարներ)
Միկի մկնիկն աշխարհում, թերևս, ամենահայտնի մուլտհերոսն է, ամերիկյան «Դիսնեյ» ընկերության գլխավոր խորհրդանիշը, որն այս տարի նշում է ստեղծման 90-ամյակը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ծիծաղաշարժ կերպարի ստեղծողը լեգենդար անիմատոր Ուոլթ Դիսնեյն է, որի թեթև ձեռքով կերպարը դարձավ ոչ միայն մուլտիպլիկացիոն, այլև մանկական ժամանցային ոլորտի համաշխարհային խորհրդանիշ:
Կլորականջ Միկի մկնիկի դեբյուտը կայացել է 1928թ. նոյեմբերի 18-ին՝ ութ րոպեանոց Steamboat Willie մուլտֆիլմում, որն առաջին անգամ ցուցադրվել է Նյու Յորքի կինոթատրոններից մեկում: Սևուսպիտակ մուլտֆիլմում փոքրիկ կրծողը մոտորանավակ է վարում ու զվարճացնում է Մինի մկնիկին:
Որոշ ժամանակ անց Միկի մկնիկի պատկերը հայտնվել է բոլոր հնարավոր վայրերում՝ հագուստից մինչև սպասքի ու գրենական պիտույքների վրա: Մուլտհերոսն անմիջապես դարձել է բոլոր փոքրիկների սիրելի դիսնեյյան կերպարը:
Նշվում է, որ հոբելյանի կապակցությամբ «Դիսնեյ»-ը մեծ ցուցահանդես է բացել Մանհեթանում՝ ներկայացնելով բացառիկ օրիգինալ նմուշներ:
Պարբերականը նկատում է, որ միջինը 3 տարի ապրող մկների համար իսկական «նվաճում» է 90-ամյա «ցեղակից» ունենալը:
