ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է վարչական ռեսուրսի չարաշահման մեջ
«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է», - ասված է ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով», - հայտարարում է նախկին իշխող ուժը:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն, որին ընդդիմությունը բազմիցս է մեղադրել վարչական ռեսուրսի չարաշահման մեջ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքները հիմնավորելու համար հղում է տալիս ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումներին», ինչպես նաև հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը, և փաստում․ - «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»:
