«Հարյուր միլիարդավոր դոլարները չեմ զիջի Ռուսաստանին ու Չինաստանին». Թրամփը բացատրել է Խաշոգջիի պատճառով Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրերը չչեղարկելու որոշումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությանը, հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի ու թագաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի դեմ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Մար ա Լագո» շքեղ առանձնատուն մեկնելուց առաջ Թրամփն ասել է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ հենց թագաժառանգն է պատվիրել այլախոհի դաժան սպանությունը:
«Նրա դեմ պատժամիջոցներ կիրառելը կնշանակի երկրորդ պլան մղել Ամերիկայի շահը: Հիշե՛ք՝ Ամերիկան առաջին տեղում է: Եթե պատժամիջոցներ կիրառենք, Ռուսաստանն ու Չինաստանը կսողոսկեն ու իրենց կվերցնեն Սաուդյան Արաբիայի ներդրումները: Չեմ պատրաստվում հարյուր միլիարդավոր դոլարները զիջել Ռուսաստանին, Չինաստանին կամ որևէ այլ երկրի: Ամերիկան առաջին տեղում է»,-ասել է նախագահը:
Պարբերականը նկատում է, որ այս հայտարարությամբ Թրամփը ցույց է տվել, որ միանշանակ արհամարհում է Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունն այն մասին, որ Խաշոգջիի սպանության պատվերն ամենայն հավանականությամբ թագաժառանգն է տվել:
Թրամփն ընդգծել է, որ սաուդյան տնտեսությունում որևէ անձնական բիզնես շահ չունի:
«Այժմ խաղասեղանին են դրված խոշոր ներդրումներ, որոնք Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ում 400 մլրդ դոլարանոց ներդրումային ծրագրի մասն են: Նրանք մեզ 400 մլրդ դոլար են վճարում. դա հավանաբար երբևէ Միացյալ Նահանգներին վճարված խոշորագույն գումարն է: Եթե կարծում եք, որ թույլ կտամ՝ զենքի վաճառքի միլիարդները գնան Ռուսաստան կամ Չինաստան, ապա սխալվում եք: Դա մեծ նվեր կլինի նրանց համար, բայց նրանք այդ նվերը չեն ստանա»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի հետ կնքված պայմանագրերը չեղարկելու դեպքում, համաշխարհային տնտեսությունը կտուժի, նավթի գները կբարձրանան:
