Ավստրալիայում տանձերի խմբաքանակի մեջ ասեղներ են հայտնաբերվել (լուսանկար)
Ավստրալական Մելբուռնում տանձերի խմբաքանակի մեջ ասեղներ են հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել ելակի մեջ ասեղների հայտնաբերման գործով կասկածյալին ձերբակալելուց օրեր անց, հայտնում է abc.net.au-ն:
Ավելի վաղ Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել էր 50-ամյա կնոջ՝ կասկածելով նրան ելակի խմբաքանակի մեջ ասեղներ դնելու համար: Մի Ուտ Տրին անունով կինն աշխատել է Berry Licious ֆերմայում և ենթադրաբար նման քայլի է դիմել վրեժից դրդված:
ABC News Breakfast ծրագրի դիմահարդար Քլեր Բոնսերը երեքշաբթի տանձ ուտելիս ասեղ է հայտնաբերել մրգի մեջ:
«Ես տանձ էի ուտում, պատահաբար նայեցի ցած՝ հաջորդ կտորը կծելու համար, ու տեսա այն»,- ասել է նա:
Բոնսերը նշել է, որ տանձերը գնել է Մելբուռնի հարավ-արևելքում գտնվող սուպերմարկետներից մեկից: Նա խանութին տեղյակ է պահել տանձում հայտնաբերված ասեղի մասին, ինչին խանութի ներկայացուցիչն ասել է, որ տարվում է հետաքննություն:
Ավելի վաղ ավստրալական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել նվազագույնը 7 ավստրալական արտադրողի ելակի խմբաքանակում ասեղների հայտնաբերման առնչությամբ: Ավելի ուշ ասեղներ են հայտնաբերվել նաև բանանի ու խնձորի խմբաքանակներում:
Իշխանությունները խորհուրդ են տվել սպառողներին օգտագործելուց առաջ անպայման մրգերն ու պտուղները դանակով կիսել, ինչպես նաև 100.000 ավստրալական դոլար են խոստացել նրան, ով կօգնի գտնել հանցագործներին: