Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով այրվել է Ջերարդ Բաթլերի տունը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով այրվել է հայտնի դերասան Ջերարդ Բաթլերի տունը: Այդ մասին տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից:
«Տարհանումից հետո վերադարձա Մալիբուի իմ տուն: Ծանր ժամանակներ են Կալիֆոռնիայի համար: Հիացած եմ հրշեջների խիզախությամբ ու ինքնազոհությամբ», - ասվում է գրառման մեջ:
Երգիչ և կիթառահար Նիլ Յանգն իր հերթին հայտնել է, որ իր տունը նույնպես այրվել է: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով նրա պաշտոնական կայքին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անցյալ շաբաթվա կեսին Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր տարհանվածների թվում են նաև ամերիկյան շոու բիզնեսի աստղերը: Մալիբուում գտնվող իրենց տները լքել են մասնավորապես հաղորդավարուհի և մոդել Քիմ Քարդաշյանը, երգչուհիներ Լեդի Գագան, Իգգի Ազալեան ու Շերը, ինչպես նաև ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն:
Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը 31 մարդու մահվան պատճառ է դարձել: Նահանգի հյուսիսում 228 մարդու ճակատագիր անհայտ է մնում: