ՌԴ գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն և հույս հայտնել, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում:
Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը նշել է, որ ԱԻ նախարարության համակարգում արդյունավետ գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պարբերաբար վերազինվում և արդիականացվում է ԱԻ նախարարության փրկարարական գույքը և տեխնիկան, ինչպես նաև հաջողությամբ իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Մինչև տարեվերջ նախապես հաստատված գրաֆիկով սպասվում է 25 միավոր անուն տեխնիկայի աջակցություն կենտրոնի կողմից:
«Ռուսաստանի մեր գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին: Շուտով հանդիպում կունենամ նաև ՌԴ իմ գործընկերոջ հետ, ինչպես նաև մոտ օրերս պատրաստվում եմ այցելել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն և տեղում ծանոթանալ կենտրոնի կարողությունների հետ», - նշել է ԱԻ նախարարի պաշտոնակատարը:
Դեսպան Կոպիրկինը, շնորհավորելով Ֆելիքս Ցոլակյանին նշանակման կապակցությամբ, վերահաստատել է ՌԴ դեսպանության պատրաստակամությունը շարունակել և առավել խորացնել փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում:
Հանդիպման ավարտին Ֆ. Ցոլակյանն անդրադարձել է նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ նախատեսվում են բազմածավալ միջոցառումներ հանրապետության չորս քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում, որտեղ ներկա կլինեն հյուրեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: