Մինչև Հայաստանում ներքին իրավիճակը վերջնական չկայունանա, հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանա. Ֆյոդոր Լուկյանով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրներն ուզում են իրենց համար բարենպաստ քաղաքական իրավիճակ ստեղծել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը՝ խոսելով այն տեսակետների մասին, որ Հայաստան-Ռուսաստան պաշտոնական մակարդակում արված հայտարարություններն այդպես էլ իրականություն չեն դառնում:
«Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները ներկայումս զբաղված են ներքին քաղաքական կայունության հաստատմամբ: Նրանք ուզում են իրենց համար բարենպաստ քաղաքական իրավիճակ ստեղծել: Դրա մասին են վկայում նրա հրաժարականը, Ազգային ժողովի արձակումը:
Սա ներքին մրցապայքար է, ցանկություն է օգտագործել հանրության դրական ազդակները: Եթե ընտրություններն անցնեն այնպես, ինչպես Փաշինյանն է ուզում, կհաջորդեն հաջորդ քայլերը՝ կապված արտաքին քաղաքականության հետ: Ամեն ինչ, այդ թվում հարաբերությունները Ռուսաստանի հետ, ներկայումս երկրորդ պլանում են»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը:
Ըստ վերլուծաբանի՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանում, որովհետև Հայաստանում ներքին անկայուն իրավիճակ է:
«Մինչև իրավիճակը վերջնական չկայունանա, հարաբերությունները չեն զարգանա, երկխոսությունը չի հաստատվի: Պետք է սպասել: Կարծում եմ, որ Ն. Փաշինյանը տրամադրված է աշխատել: Նա հասկանում է, որ չկա Ռուսաստանին այլընտրանք: Հայաստանի բոլոր ղեկավարներն ի վերջո հանգում են նրան, որ անվտանգության ապահովման հարցում Հայաստանը չունի այլընտրանք»,- նշեց Ֆ. Լուկյանովը:
Վերլուծաբանն ասաց, որ մեկ բան է լինել ընդդիմություն, մի բան է լինել իշխանություն, և բնական է, որ կարող են լինել հայտարարությունների տարբերություններ: «Ռուսաստանը կարծում է, որ Փաշինյանը ներկայումս այլ ընկալումներ ունի»,- հավելեց նա: