Թրամփը սահման է ուղարկել առաջին զորքը՝ թույլ տալով «անհրաժեշտության դեպքում» կրակել ներգաղթյալների «քարավանի» վրա (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահման է ուղարկել 100 զինծառայողի, որոնք սպասում են Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանին»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մինչև շաբաթվա վերջ սահմանին կտեղակայվի ամերիկյան 7.000 հոգանոց զորք, մինչդեռ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է զինծառայողների թիվը հասցնել 15.000-ի:
Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ նախագահը, որ դեմ է ներգաղթյալներին ապաստան տալուն, նրանց նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողներն ի պատասխան իրենց ուղղությամբ նետված քարերի կրակ կբացեն «քարավանի» անդամների ուղղությամբ:
«Սակայն լիահույս եմ, որ նման բան տեղի չի ունենա: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ եթե որևէ մեկը քարեր նետի զինծառայողների ուղղությամբ՝ այնպես, ինչպես եղավ Մեքսիկայում ու դրա հետևանքով բազմաթիվ մեքսիկացի ոստիկաններ ու իրավապահներ տուժեցին, մենք կմտածենք կրակ բացելու մասին»,-Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը:
Թրամփի խոսքով՝ այն, ինչ անում է «քարավանը», իսկական ներխուժում է:
Հայտնի է, որ առաջինն ԱՄՆ սահման կհասնի Հոնդուրասում ձևավորված «քարավանի» 4.000 հոգանոց խումբը, որ ներկայում գտնվում է մեքսիկական Մատիաս Ռոմերո քաղաքում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ներգաղթյալների համար կարող են ճամբարներ կառուցվել, որտեղ ընտանիքները ժամանակավոր ապաստան կստանան՝ առանց իրարից բաժանվելու:
«Բայց վաղ, թե ուշ այդ ճամբարները լցվելու են, մարդիկ կհասկանան, որ առաջ գնալու (ԱՄՆ տարածքում հայտնվելու) հնարավորություն չկա ու հետ կգնան»,- ասել էր Թրամփը:
Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվում ներգաղթյալների միանգամից երկու «քարավան»: Առաջինը ձևավորվել է մի քանի շաբաթ առաջ՝ Հոնդուրասում: «Քարավանում» կա մոտ 14.000 մարդ՝ հոնդուրասցիներ ու Գվատեմալայի բնակիչներ: Նրանց մի մասը գտնվում է Գվատեմալայում, իսկ մյուս մասն արդեն Մեքսիկայի տարածքում է:
Ներգաղթյալների մյուս «քարավանն» ավելի փոքրաթիվ է ու ձևավորվել է Էլ Սալվադորում:
Հայտնի է, որ այս մարդիկ փախչում են իրենց երկրներում սոցիալական ծանր վիճակից ու համատարած բռնությունից: Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «քարավանների» շարժն «անիմաստ է», քանի որ ինքը թույլ չի տա նրանց հատել ԱՄՆ պետական սահմանը: