Այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյան (տեսանյութ)
Ես շատ ցավում եմ, որ Կարեն Ստեփանյանը, լինելով իրավաբան, նման բան է ասում, որովհետև ես նրան ընդամենը ասել եմ, որ այդ քվեաթերթիկի դեպքով զբաղվելու են իրավապահ մարմինները, դա նորմալ է, դա սպառնալիք չէ: Այս մասին Էջմիածնում ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» անդամ Դիանա Գասպարյանը և նշեց, որ պատրաստ է դեմ առ դեմ կանգնել նրա հետ և նույնը կրկնել:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձևական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:
Այս ամենին ի պատասխան՝ Կարեն Ստեփանյանն այսօր հայտարարեց, որ Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում է եղել. «Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է այն գնահատականին, թե սև քարոզչություն է եղել, Դիանա Գասպարյանն ասաց, որ սոցցանցերում հակառակորդ թեկնածուների, կեղծ օգտատերերի կողմից բավականին անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ են եղել իր հասցեին:
«Այսինքն՝ այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ, բայց ես փորձում եմ դրան ուշադրություն չդարձնել: Ես շատ տղամարդկանցից շատ ավելի տղամարդ եմ եղել այս ընտրությունների ժամանակ, երբեք չեմ իջել բամբասանքների մակարդակի, ես կարծում եմ, որ ընտրողը դա տեսել է: Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդ որում՝ նաև Կարեն Ստեփանյանին. նա պնդում է, որ ես իրեն ստոր եմ անվանել, այնինչ ես արարքն եմ ստոր անվանել, դրանք տարբեր բաներ են»,- ասաց նա:
Ըստ Դիանա Գասպարյանի՝ կանայք ուժեղ են և կարող են պայքարել կլանի կամ ցանկացած արատավոր երևույթի դեմ, բայց հարցին, թե արդյոք հաջողվել է Էջմիածնից դա արմատախիլ անել, նա ասաց, որ դա կիմանանք ընդամենը մի քանի ժամից, երբ ավարտվեն ընտրությունները:
«Այդ կրիմինալ կամ կլանային կոչվածը մի քիչ միֆականացված է, կան թաղային խմբեր, հեղինակություններ, դրանք հանցավոր պարտադիր չէ լինեն, պարզապես թաղային «թայֆայական» շրջանակներ են, որևէ մեկը չի ասում, որ Էջմիածնում կարող են իրար վրա կրակել»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքում օլիգարխ լինելուն, նա ասաց, որ օլիգարխի սահմանումը բարդ է և հակասական, բայց ինքը կարծում է, որ օլիգարխներ չկան:
Նա պատմական համարեց, որ այս քարոզարշավի ժամանակ Էջմիածինը տեսավ նախընտրական քարոզչություն, այսքան թեկնածու: Նա նաև նշեց, որ պատմական օր կարող է լինել, երբ արդյունքներով ամփոփվի իր կամ կին մյուս թեկնածուի հաղթանակը, և Էջմիածինը լինի այն քաղաքը, որտեղ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կընտրվի կին քաղաքապետ: Նա իր շանսերը բարձր գնահատեց:
Հարցին, թե պարտվելու դեպքում կշնորհավորի՞ հաղթողին, նա ասաց, որ մինչև վերջերս պատրաստ էր, բայց արդեն ոչ: «Շատ ստոր մեթոդներով են աշխատել, որի համար մարդիկ կան, ում այս պահին պատրաստ չեմ ներել: Տղամարդուն անվայել քարոզչություն նկատել եմ և այն աստիճանի, որ դա արդեն հենց տղամարդկանց և անողի դեմ է աշխատելու: Հակահեղափոխականությունն Էջմիածնում մի քիչ այլ բնույթ է կրում, ոչ թե այնքան քաղաքական իմաստով, որքան անարժան մեկին քաղաքը բաժին հասնելու, կամ արատավոր որոշ բարքերի հաստատման իմաստով, կամ դեմքերի և ոչ բովանդակության փոփոխության իմաստով: Լկտի մեթոդների դիմաց բոլորը պատժվելու են օրենքով, ովքեր սահմաններ են անցել, և իրավապահ մարմինները զբաղվելու են»,- ասաց նա:
