Սուտ է, նման բան չկա. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը հերքում է տեղեկությունները, որ նախկին իշխանության աջակցությունն ունի
Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված անկուսակցական թեկնածու Օհան Հարությունյանը կնոջ և դստեր ուղեկցությամբ ընտրության էր եկել առանց անձնագրի:
Թեկնածուն ստիպված էր սպասել, մինչև անձնագիրը բերեին, և քվեախցիկում արդեն ընտրություն կատարեց ընտրախախտումով՝ իր քվեարկությունից հետո հետևելով, թե կինն ինչպես է քվեարկում:
Լրագրողների հետ զրույցում թեկնածուն, ով Արմավիրի քաղաքապետարանի ավագանու անդամ է, նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը պասիվ է, թեև ընտրություններն անցկացվում են պատշաճ մակարդակով:
Լրագրողները թեկնածուից հետաքրքրվեցին, թե տեղի՞ն են այն խոսակցությունները, որ նախկին իշխանությունների կողմից քաղաքական աջակցություն ունի կամ եթե ոչ քաղաքական որևէ ուժի, ապա գոնե ազդեցիկ անձի կողմից, Օհան Հարությունյանը հերքեց, ասաց, որ որևէ ուժի հետ կապ չի ունեցել: Նահապետ Գևորգյանի աջակցության մասին խոսակցություններին ու մամուլի հրապարակումների անդրադառնալով՝ նա նշեց, որ սուտ է, նման բան չկա, ինքը նույնիսկ անձամբ չի էլ ճանաչում Նահապետ Գևորգյանին:
Խոսելով ծրագրերից՝ թեկնածուն ասաց, որ քաղաքի զարգացման՝ թեկնածուների ծրագրերը գրեթե նույնն են, խնդիրները շատ-շատ են՝ բազմաբնակարան շենքերի խնդիրներ, տանիքիներ, բակեր, խմելու ջրի խնդիր և այլն:
Հարցին, թե թեկնածուների կողմից ճնշումներ կամ լծակների կիրառում նկատել է, Օհան Հարությունյանն ասաց՝ ոչ:
Թեկնածուն նշեց, որ չի լսել ընտրողներին ուղղորդելու մասին:
Ի դեպ, ասաց, որ ինքը ևս հեղափոխությանը կողմ է: «Բոլորս էլ հեղափոխական ենք»:
