Պաշտոններ խոստանալն ընտրակաշառք չէ՞. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը հույս ունի, որ ընտրությունները կանցնեն առանց ուղղորդումների
Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածու Սևակ Մինասյանը քվեարկեց հանուն իր քաղաքի ապագայի, բարեկեցության ու լավ օրվա:
Tert.am-ի հետ զրույցում թեկնածուն ասաց, որ քաղաքում խնդիրները շատ են. «20 տարվա կուտակված անելիքներ կան, ինչը, կարծում եմ, շատ է»:
Սևակ Մինասյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարիներին իր ունեցած փորձը (նա նախորդ տարիներին ևս առաջադրվել է որպես Արմավիրի քաղաքապետի անկուսակցական թեկնածու և պարտվել ՀՀԿ-ական թեկնածուին-խմբ.) մթնոլորտը հանգիստ է:
«Քարոզարշավն ավելի հանգիստ անցավ, առանց միջադեպերի, ավելի բարյացակամ մթնոլորտ է, հուսով ենք, որ արդար ընտրություններ են լինելու, արդյունքում ժողովուրդը ում ձայն կտա նա էլ կընտրվի: Միակ մտավախությունը, որ թեկնածուի նկատմամբ ուղղորդումներ չլինեն»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ՔՊ անդամ, ինքնաառաջադրված թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն օգտագործում է իր լծակները, թեկնածու Մինասյանը նշեց, որ չէր ասի՝ քաղաքական լծակներ է օգտագործում: «Ուղղակի վարչապետի նկատմամբ ժողովրդի կողմից ձևավորված համակրանքը կարող է դեր ունենալ: Քանի որ մեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրարշավի ժամանակ մատնացույց է անում թեկնածուին, դա կարող է ազդեցություն ունենալ և մի փոքր անհավասար պայմաններ ստեղծել»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի կողմից անձամբ քարոզարշավին մասնակցելուն՝ հաջակցություն ՔՊ թեկնածուի, Սևակ Մինասյանը նշեց, որ դա ավելի շատ խանգարեց Դավիթ Խուդաթյանին, քան օգնեց:
«Այն առումով, որ հիշեցրեց ՀՀԿ-ի ընտրարշավը, այսինքն՝ ժողովրդին ուղղորդել դեպի թեկնածուն, ընդամենը վատ հետևանք տվեց, ճիշտ կլիներ՝ ասեր՝ ժողովո՛ւրդ ջան, ընտրե՛ք ձեր համոզմունքով արժանիին»,- ասաց նա:
Սևակ Մինասյանը հաստատեց, որ քաղաքացիների մասնակցությունը ակտիվ չէ, և մասամբ համաձայնեց այն դիտարկման հետ, որ գուցե ընտրակաշառք չեն բաժանում, դրանով է պայմանավորված:
«Խոստումներն էլ կարելի է ընտրակաշառք որակել: Պաշտոնների խոստումները մեկը մյուսին ընտրակաշառք չէ՞. ես միակ թեկնածուն եմ, որ չունեմ նման խոստումներ, մնացած բոլորն ունեն նման խոստումներ տված. փոքր քաղաք է, ամեն ինչից տեղյակ ենք, դա էլ է ընտրակաշառք էլի»,- ասաց նա և նշեց, որ ոչ միայն ՔՊ-ն ներկայացնող թեկնածուի կողմից, այլև մյուս թեկնածուների կողմից ևս լսել է, որ նման խոստումներ կան:
Հարցին, թե քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում վերջ տալ կրիմինալին և ընտրել իրենց թեկնածուին, և հաշվի առնելով որոշ իրավապահների հետ նախկինում Մինասյանի ունեցած միջադեպերը՝ գուցե նրան նկատի ուներ, Սևակ Մինասյանը պատասխանեց, թե դրանք ընդհանուր հեղափոխական կոչեր էին:
«Եթե ինքն ինձ համարում է կրիմինալ, ես էլ նույն ձև ՀՀԿ-ի դեմ եմ պայքարել, բոլորս հիշում ենք, որ եթե ինչ-որ մեկը համամիտ չէր ՀՀԿ-ի թելադրանքի հետ, նա կարող էր խնդիրներ ունենալ իրավապահների հետ: Ես միջադեպի մեջ չեմ ընկել, իմ դեմ, իմ ընկերոջ դեմ քրեական գործ է հարուցվել թելադրանքով, ինչ հիմքով որ ինձ մեղադրանք են առաջադրել և կալանքի են վերցրել, որևէ բան իրավական հիմք չի ունեցել»,- նշեց նա:
