Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, ներողություն է խնդրում մարտիմեկյան քաղբանտարկյալ, նախկին ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից նրան սպառնացող հոր խոսքերի համար, բայցև հասկանում է նրա վրդովմունքի ու նյարդային վիճակի պատճառը: «Նյարդերը կարող են տեղի տալ, երբ տեսնում է, թե դստերն ինչպես են ամեն օր վիրավորում, սադրում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գասպարյանը:
Նա հավելեց, թե տեղյակ չի եղել ու, բնականաբար, հորը նման բան չի խնդրել ու անձամբ պատրաստ է ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից ներողություն խնդրել:
Այլ պարզբանումներ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն չտվեց՝ ասելով, որ քարոզարշավի վերջին օրն է, իր րոպեները հաշված են:
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել էր Գևորգ Մանուկյանին, իսկ պատճառը վերջինիս ֆեյսբուքյան գրառումն էր: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է այն նույն դատարանում, որտեղ իրեն դատել են քաղաքական հայացքների համար:
Դրանից հետո Դիանայի հայրը «մեսենջերով» զանգահարել էր Մանուկյանին, սկզբում առաջարկել, որ ասի տեղը, քանի որ ուզում է նրան տեսնել, իսկ հետո հետաքրքրվել է, թե ինչու է նա վարկաբեկում իր դստերը: Ի վերջո, խոսակցությունը թեժանում է և թեկնածուի հայրը սպառնում է ջարդել Մանուկյանի ոտքերը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության լրատավության բաժնի աշխատակից Արևիկ Խաչատրյանը՝ դատախազությունը ձայնագրությունն ուղարկել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար:
