Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշկջիի հետ պատահածում որպես մեղավոր ներկայացնել սաուդացի գեներալ Ահմեդ ալ Ասիրիին, գրում է New York Times-ը:
Նշվում է, որ սաուդյան կողմն ԱՄՆ-ին է փոխանցել հենց նրա անունը՝ պնդելով, որ լրագրողը սպանվել է հենց գեներալ Ասիրիի՝ իր լիազորությունները չարաշահելու և ստացված հրամանը սխալ կատարելու պատճառով:
Ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները միջադեպը ցանկանում են ներկայացնել որպես գեներալի անձնական սխալի հետևանք՝ պնդելով, որ իրականում նրան հանձնարարված է եղել միայն հարցաքննել Խաշկջիին, մինչդեռ Ասիրին սխալ է հասկացել բանավոր տրված հրամանն ու սպանել լրագրողին:
Նշվում է նաև, որ գեներալ Ասիրին հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մերձավորներից մեկը:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական ոստիկանության վարկածի՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից պնդել են, որ Խաշկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
Օրերս Խաշկջիի գործով Սաուդյան Արաբիա և Թուրքիա էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
