Արտահերթ ընտրություններին մեր մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա. Ա. Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքում է տեղեկատվությունը, թե ՀՀԿ Գործադիր մարմնի երեկվա նիստում կայացվել է վերջնական որոշում՝ հօգուտ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու:
Tert.am -ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց. «Հասկանում եմ, իհարկե, լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության և ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետև արտահերթ ընտրություններին մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որևէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել և մեր երեկ արված հաղորագրությունը Գործադիր մարմնի երեկվա նիստի մասին այս պահին սպառիչ է: ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, որոշ լրատվամիջոցներ գուցե թե իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Քննարկումները շարունակվում են, մասնակցության հետ կապված և ձևաչափի հետ կապված՝ նույնպես»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը՝ հղում անելով ստույգ տեղեկություններին, նշել էր, որ ոչ միայն որոշումն է կայացվել, այլև կազմվել 1-ին հնգյակը. Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով:
ՀՀԿ խմբակցության բազմաթիվ անդամներ հայտարարել են, որ կուսակցությունում կա այս հարցով 2 մոտեցում, մի մասը կողմ են, մյուս մասը կողմ է, որպեսզի այս ընտրությունները բաց թողնվեն: