Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդին չեն հուղարկավորի իր զոհերի կողքին. լրատվամիջոցներ
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովն իր զոհերի կողքին չի հուղարկավորվի, գրում է gazeta.ru-ն: Առկա տվյալների համաձայն՝ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգականներ չունեցողների հատվածում, իսկ ողբերգության զոհերը՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:
Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: Նա խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին: Հայրը պատմել է, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել: Անցյալում նա շփվել է մանկության ընկերոջ հետ, որի հետ կապն էլ է կորել: Նա որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին:
