«Դա շատ տխուր է». Թրամփի կարծիքով՝ անհետացած սաուդացի լրագրողն ամենայն հավանականությամբ մահացած է
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջին, որ անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո, մահացած է:
«Իմ կարծիքով՝ այդպես է, դա շատ տխուր է», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Թրամփը խոստացել է, որ իրենք ամենայն մանրամասնությամբ կքննեն միջադեպը, և մոտ ապագայում ինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ:
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
Ավելի վաղ լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կզարմանա, եթե սպանությունն ապացուցող ձայնագրություններ ի հայտ գան, Թրամփն ասել է. «Ոչ: Վստահ չեմ՝ կա՞ն արդյոք նման ձայնագրություններ, թե՞ ոչ: Եթե կան՝ մենք պահանջել ենք դրանք»:
Նշենք, որ թուրքական ոստիկանությունը նույնպես հակված է այն վարկածին, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ ընդդիմախոսություններով հայտնի լրագրողը սպանվել է հյուպատոսության ներսում: Սաուդյան կողմը, սակայն, հերքում է այդ պնդումներն ու նշում, որ Խաաշկղիջին դուրս է եկել հյուպատոսարանի տարածքից:
