Աղավնաձորի և՛ խաղողագործները, և՛ մթերողներն անդրդվելի են, անելանելի վիճակ է. Արենիի համայնքապետ
Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Աղավնաձորի խաղողագործները պահանջում են, որ մթերողները խաղող մթերեն անցած տարվա գներով` 300 դրամ, այնինչ մթերողները առաջարկում են 265 դրամ` ներառյալ ճանապարհածախս: «Գյուղացիները ասում են՝ չենք ասում խաղողը թանկացրեք, քանի որ վառելիքը, բուժանյութերը թանկացել են, այլ ընդամենն ասում են, որ լինի անցած տարվա գինը»,-ասաց նա և նշեց, որ գյուղացիները, որպես հիմնավորում, նշում են, որ գինու գինը չի նվազել, որ իրենցից ավելի էժան գնով են ուզում խաղողը մթերել:
Հուսիկ Սահակյանը նշեց՝ մթերողներն էլ պարզաբանում են, որ անցած տարի եղել է քիչ քանակությամբ խաղող, իսկ այս տարի ծավալներն ավելի շատ են:
«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել խաղողագործների, մթերողների հետ: Երկու կողմն էլ անդրդվելի է, գյուղացիներն ասում են՝ այս գնով ենք տալու խաղողը, մթերողներն էլ ասում են այս գնով ենք ընդունելու»,-ասաց նա և նշեց, որ նույնը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին:
Համայնքապետը նշեց, որ այս բողոքը կոնկրետ մեկի դեմ չէ, այլ ընդհանուր մթերողներին է ուղղված: Ինչ վերաբերում է այսօր նշանակված մարզպետի դիրքորոշումներին, Հուսիկ Սահակյանն ասաց, որ դեռ մարզպետին չի տեսել, որ խնդիրը ներկայացնի, բայց առաջին հնարավորության դեպքում կներկայացնի: «Ես քիչ առաջ եմ տեղեկացել, որ մարզպետ է նշանակվել»,-ասաց նա:
Խոսելով Գյուղատնտեսության նախարարության արձագանքի մասին՝ նա ասաց. «Նախարարությունն ի՞նչ անի, սեփական հիմնարկներ են, ոչ մեկին չես կարող մեղադրել»:
Չնայած դրան` նա նշեց, որ եղանակը ժողովրդի օգտին չէ: «Խաղողը գնալով ցամաքում է, անձրևը, ցուրտը խաղողը փչացնում է, բերքը որակից ընկնելու է, մթերողն էլ ասելու է՝ որակ չկա: Անելանելի վիճակ է»,-ասաց նա և նշեց, որ այս պահին մթերում չի իրականացվում:
Նա հայտնեց, որ Խաչիկ, Ելփին, Ռինդ, Արենի համայնքներում կամ մթերումներն ավարտվել են, կամ ընթացքի մեջ են, և միայն Աղավնաձորի համայնքում է խնդիրը, թեև հիմնական խաղողը Աղավնաձորում է`մոտ 2500 տոննա գյուղացիները ունեն` չհաշված խոշոր տնտեսությունները: