«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը, լսելով Հարությունյանի հորդորը, ժամանակավորապես կասեցնում է բողոքի գործողությունները
«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը միաժամանակ դադարեցնում է հանրային բողոքի իր գործողությունները: Այս մասին ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Ըստ նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանի՝ Շանթ Հարությունյանն ինքն է դիմել իրենց, որպեսզի այս լարված քաղաքական իրավիճակում չծավալեն հանրային բողոքի միջոցառումներ:
Ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Անսալով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ այսօր բանտից մեզ ուղղված հերթական ասպետական հորդորին, այն է` ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակն առավել չսրելու համար ձեռնպահ մնալ իր ազատության համար որևէ հանրային բողոքի միջոցառում իրականացնելուց, և հաշվի առնելով մեր երկրորդ պահանջի` համապարփակ համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը (կառավարությունը մշակել և Ազգային ժողով է ներկայացրել համաներման վերաբերյալ օրինագիծ), մենք ժամանակավորապես կասեցնում ենք մեր բողոքի գործողությունները՝ ակնկալելով, որ իշխանությունները ճգնաժամը հանգուցալուծելուն պես վերջապես քաղաքական կամք կդրսևորեն և կիրականացնեն օր առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց ցավալիորեն արժեզրկվող խոստումը:
Մենք հետևողական ենք լինելու մեր պայքարում և ցանկացած պահի պատրաստ ենք վերսկսելու մեր գործողությունները, որոնց մասին անպայման տեղյակ կպահենք հանրությանը:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին և նրանց կուսակիցներին այսօր մեզ սատարելու և մեր միջոցառմանը մասնակցելու համար:
Մեր պայքարն արդար է, մենք` խաղաղ, բայց վճռական»:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և դատապարտվեցին ազատազրկման։