Պոմպեոն հույս ունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ որոշել նաև հաջորդ գագաթնաժողովի օրն ու վայրը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս ունի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքնորով որոշել նաև հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրն ու վայրը: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, Պոմպեոն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պոմպեոյի խոսքով՝ իրենք հույս ունեն հանդիպման արդյունքների հիման վրա գոնե սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ և մշակել Թրամփի ու Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպման անցկացման օրվա և տեղի տարբերակներ, քանի որ առայժմ ոչինչ որոշված չէ:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները հյուսիսկորեական կողմի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է հասնել ապամիջուկայնացման:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 7-ին կայցելի Փհենյան, որտեղ հանդիպում կունենա ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: