ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ հետախուզության 7 աշխատակցի
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրել կիբեռհարձակումներ իրականացնելու և տվյալների անօրինական հավաքագրման համար:
Ինչպես հայտնում է meduza գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության հայտարարությունը, ռուս գործակալները մեղադրվում են անձնական տեղեկություններ գողանալու և հասարակական կարծիքի վրա ներգործելու նպատակով դրանք հրապարակելու մեջ:
Մասնավորապես, դա վերաբերում է դոպինգային սկանդալին. Վաշինգտոնի տվյալներով՝ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները հարձակումներ են իրականացրել WADA-ի (Հակադոպինգային համաշխարհային գործակալություն), Միջազգային արբիտրաժային դատարանի և USADA-ի (ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալություն) նկատմամբ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ 7 մեղադրվող անձանցից 3-ն ավելի վաղ մեղադրվում էին նաև ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ: