Մակեդոնիայի անվանափոխման մասին հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել
Մակեդոնիայում ավարտվել է երկրի անվանափոխման մասին խորհրդատվական հանրաքվեն, սակայն մեծ է հավանականությունը, այն չկայացած կճանաչվի, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Радио Свобода»-ին:
Նշվում է, որ Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեի հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների առնվազն 50%-ը:
Միևնույն ժամանակ՝ երկրի Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը կես ժամ առաջ քվեարկության էր ներկայացել գրանցված ընտրողների միայն 34.74%-ը, ինչը նշանակում է, որ հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել:
Հունաստանի կառավարությունը հունիսի 17-ին պայմանագիր է ստորագրել Մակեդոնիայի Հանրապետության հետ, որը կարգավորում է նախկին հարավսլավական հանրապետության անվանման շուրջ ավելի քան 25 տարի ընթացող վեճը: Հունաստանը պահանջում էր փոխել այն հունական Մակեդոնիա շրջանի անվան առնչությամբ շփոթմունք չլինելու համար:
Ենթադրվում է, որ անվանափոխությունից հետո նախկին հարավսլավական հանրապետությունը դառնալու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Պայմանագիրը Սկոպյեի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն: