Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը դեռ չի ստանձնել իր պաշտոնը, խոստացել է, որ նախագահական պալատ տեղափոխվելուց հետո ցանցաճոճ է կախելու այնտեղ, գրում է «РИА Новости» գործակալությունը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կհրաժարվի նախագահական հատուկ առանձնատնից ու կօգտվի միայն Ազգային պալատի շենքից։
«Ես չեմ փակի պալատը, ո՛չ։ Ինձ մի փոքր տեղ է հարկավոր միայն բացվող մահճակալ ու ցանցաճոճ տեղադրելու համար», - հայտարարել է Օբրադորը։
Նրա խոսքով՝ նա կտեղափոխվի պալատ, երբ իր որդին ավարտի տարրական դպրոցը։
Նախագահի պաշտոնն Օբրադորը կստանձնի այս տարվա դեկտեմբերի 1-ին։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ կհրաժարվի նախագահական հատուկ օդանավից ու կօգտվի սովորական չվերթներից։
